ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախարարը տեղեկացրել է, որ տարիներ առաջ օրենքով սահմանափակվել է հանրապետությունից սեւ մետաղի ջարդոնի արտահանումը, ինչը նպատակ է ունեցել խթանելու այդ մետաղից արտադրանքի արտադրությունը:
Մասնավորապես, մեկ տոննա մետաղի ջարդոն արտահանելու համար սահմանվել է 80 հազար դրամ պետական տուրք: Այդ գործով զբաղվող ընկերությունները, որոնք այսօր շուրջ 1000 աշխատակից ունեն, տարիների ընթացքում հասել են որոշակի հաջողությունների:
Խոսելով խնդրից՝ Տիգրան խաչատրյանը պարզաբանել է, որ օրենքում առկա մի սահմանում թույլ է տալիս առանց պետական տուրք վճարելու արտահանել մետաղի ջարդոնը: Մասնավորապես, վերջին ամիսների ընթացքում երկրից դուրս է բերվել շուրջ 10 հազար տոննա մետաղի ջարդոն, ինչն ավելանալու միտում ունի: Նախարարի խոսքով՝ վերջին երեք ամիսներին արտահանվել է ավելի քան 6000 տոննա մետաղ, ուստի առաջարկվում է՝ չփոփոխելով տուրքի չափը, հստակեցնել օրենքի համապատասխան հոդվածը՝ նշելով, թե որ դեպքում հնարավոր կլինի արտահանել ծանր մետաղի ջարդոն:
Ակնկալվում է, որ փոփոխությունները տեղական արդյունաբերական ընկերություններին հնարավորություն կտան օգտագործել տեղում առաջացած մետաղի ջարդոնը որպես հումք` ապահովելով իրենց կողմից արտադրվող վերջնական արտադրանքի համար մրցակցային գներ: