Լեոնարդ Ռիդի այս հոդվածը լույս է տեսել 1967 թ․ (թարգմանությունը “Free Market Economics” գրքից)
Մեզնից նրանք, ովքեր ցանկանում են օժանդակել անհատական ազատություններից շեղվելու եւ հեռանալու արդի միտումները ետ շրջելու գործին, պետք է, ի լրումն սեփական դատողությունների ընդհանուր հղկման, հասկանան, հավատան կամ ունակ լինեն բացատրելու արժեքի սուբյեկտիվ տեսությունը, որքան էլ այս եզրույթը տհաճ թվա ականջին, որովհետեւ քանի մենք չենք հասկացել եւ շրջանառության մեջ դրել արժեքի այս ճիշտ տեսությունը, անհատի ազատություններն ընդմիշտ կմնան անհասանելի։
Մարդու կուտակած ինչքը նրա արժեքների հայելին է։ Մարդն այն է, ինչ ունի, ինչ իրենն է։ Մարդու անհատականությունն ու սեփականությունն արտացոլում են նրա սուբյեկտիվ արժեքները։
Մեզնից քչերն են գերադասում ապրել մեկուսի։ Հակառակը՝ մարդիկ ձգտում են գաղափարներով, բարիքներով եւ ծառայություններով փոխանակվել միմյանց հետ, եւ խնդիր է դրվում մեր խիստ անձնական արժեքները վերածել գնային կամ արժեքային այնպիսի կառուցվածքի, որը հնարավորություն կտա խաղաղ առեւտուր անել։ Այդ ընթացքում հարկ է լինում պատասխանել հետեւյալ հարցին՝ ինչպե՞ս է արժեքի սուբյեկտիվ տեսությունը սահմանում շուկայական գինը։
Այսպե՛ս. հացի ամեն կտորի, ցանկացած կտավի, ամեն մի օրվա աշխատանքի կամ յուրաքանչյուր բարիքի ու ծառայության փոխանակային արժեքն այն է, ինչ դիմացինը հոժարակամորեն պատրաստ է առաջարկել դրա դիմաց։
Երբ տիկին Սմիթն իր շալը փոխում է տիկին Ջոնսի սագի հետ, շալի եւ սագի արժեքները նույնանում են, բայցեւայնպես կանանցից յուրաքանչյուրն իր օգուտը քաղում է ըստ սեփական (սուբյեկտիվ) դատողության։ Եթե սա փաստ չլիներ, որեւէ մեկը չէր գնա հոժարակամ փոխանակման։
Արժեքը չի կարող որեւէ իմաստ ունենալ, եթե սահմանված չէ սուբյեկտիվորեն, ինչպես շահն ու օգուտն են որոշվում անհատապես։ Ո՛չ օգուտը, ո՛չ արժեքը չեն կարող մեկի կողմից սահմանվել մյուսի համար։ Ինչն արժեքավոր է մեկի դեպքում, կարող է առավել կամ պակաս արժեք ունենալ մեկ ուրիշի պարագայում։ Մեկը շինշիլայի մորթուց վերարկուն գերադասում է համալսարանական կրթությունից եւ հակառակը, մեկ ուրիշը գրադարանն ավելի է սիրում, քան արձակուրդը եւ հակառակը, երրորդը թատրոն է հաճախում՝ հեռուստացույց դիտելու փոխարեն եւ այսպես շարունակ։
Դիցուք՝ ես նկարիչ եմ եւ ամեն ամիս մի կտավ եմ նկարում։ Ի դժբախտություն ինձ, սակայն, ոչ ոք «Ռիդ» գնել չի ցանկանում։ Ի՞նչ է ուրեմն իմ գործի արժեքը։ Զրո՛։ Այժմ ենթադրենք, որ գնորդների ուղեղում փոփոխություն է տեղի ունենում (յուրաքանչյուրի մոտ՝ յուրովի), եւ «Ռիդ»-ը դառնում է մոդայիկ՝ յուրաքանչյուր կտավի դիմաց բերելով 1,000 դոլար։ Ի՞նչ է այդ դեպքում գործի արժեքը։ 1,000 դոլար։ Հանուն պարզության համարենք, որ կտավների որակը չի փոխվել։ Ստացվում է, որ գնորդները, միտքը փոխելով, փոխել են իմ գործի արժեքը։
Միանգամայն պարզ է, ուրեմն, որ սուբյեկտիվ գնահատման գործադրումն անհատի ազատության կամ, եթե կուզեք, անձնական ընտրության ազատության գործադրումն է։
Հեշտորեն կարելի է ցույց տալ, որ տնտեսական ազատության բացակայության պայմաններում անհնարին են նաեւ մամուլի ազատությունը, կրոնի ազատությունը, խոսքի ազատությունը եւ հավաքների ազատությունը։
Արժեքի ճշմարիտ տեսությանը հակադրվում է օբյեկտիվ տեսությունը, որի համակարգում ուրիշը, ելնելով գնահատման ինչ-ինչ չափանիշներից (որոնք միանգամայն տարբեր են քո նախընտրելիներից), փորձ է կատարում բարիքների եւ ծառայությունների արժեք սահմանել քեզ համար։ Օբյեկտիվ տեսության սխալականության գիտակցումն ու դրա տարբեր դրսեւորումները զատորոշելու ունակությունն օգնում է ընդգծել սուբյեկտիվ տեսության կարեւորությունն ու վավերականությունը գործնականում։
Նախքան 1870 թվականը, սուբյեկտիվ տեսությունը դեռ ձեւակերպված չէր որեւէ մեկի կողմից եւ գոյություն անգամ չուներ։ Այն ձեւակերպվել է գրեթե միաժամանակ, տարբեր երկրների երեք տնտեսագետների՝ Մենգերի, Ջեւոնսի եւ Վալրասի կողմից, առանց համագործակցության։ Նման պայծառացման վերջիններս հանգել են՝ ընդամենը դիտարկելով, թե պետական կամ այլ ազդեցության բացակայության պայմաններում սովորական մարդիկ ինչպես են գործում՝ արտադրում եւ փոխանակում։ Այսպիսով, 1870 թվականից առաջ, երբ դեռ չկար սուբյեկտիվ տեսության որեւէ ըմբռնում, գերակշռում էին արժեքի որոշման օբյեկտիվ մեթոդները։
Արժեքի օբյեկտիվ տեսության դասական օրինակ է արժեքի աշխատանքային տեսությունը, որը պարզապես ամրագրում է, թե արժեքը որոշվում է արտադրական ծախսերին կամ, այլ կերպ ասած, ծախսված էներգիայի չափին համապատասխան։ Թեեւ որոշ դասական տնտեսագետներ հասկանում էին, որ սույն տեսությունը սխալ է, նրանք հստակորեն չգիտեին նաեւ, թե որն է ճիշտը։
Հասցնելով արժեքի աշխատանքային տեսությունն իր տրամաբանական բայցեւ անհեթեթ եզրահանգմանը՝ կարելի է պնդել, որ ցեխի բլիթն ու սեխի բլիթը նույնարժեք են, եթե դրանց արտադրության վրա ծախսվել է նույնաքանակ էներգիա։ Ուստի, եթե մարգարիտ որոնողը ծովից դուրս է գալիս՝ մի ձեռքում մարգարիտ, մյուսում՝ խճաքար բռնած, ապա դրանց արժեքը նույնն է։
Անշուշտ, մարդիկ նույնքան չեն վճարի ցեխի բլիթի կամ խճաքարի համար, որքան կտային սեխի բլիթի կամ մարգարտի դիմաց։ Ինչպե՞ս է, ուրեմն, այս տեսությունը հանդես գալիս գործնականում։ Շատ պարզ. պետք է կառավարական իշխանության լծակները բանեցնելով՝ վերցնել սեխի բլիթ արտադրողից եւ տալ ցեխի բլիթ արտադրողին։ Կարլ Մարքսը տվել է անգամ բանաձեւը. «Յուրաքանչյուրից՝ ըստ նրա կարողության, յուրաքանչյուրին՝ ըստ նրա պահանջմունքի»։
Ինչեւէ, նույնիսկ ռուսներն այսօր խստիվ չեն հարում արժեքի աշխատանքային տեսությանը՝ շարունակելով, սակայն, մեծապես հիմնվել այս կամ այն բնույթի օբյեկտիվ չափանիշների վրա։ Ինքնորոշումը հասցված է նվազագույնի, գրեթե ամեն ինչի գինը որոշում է կառավարությունը եւ դա անում կամայականորեն։ Հոժարակամ փոխանակում գոյություն չունի, ընտրության անհատական ազատությունն ըստ էության տաբու է։ Արդյունքում՝ սուբյեկտիվ տեսությունը Ռուսաստանում շատ ավելի քիչ է կիրառվում, քան աշխարհի որեւէ այլ վայրում։
Նկատենք նաեւ, որ Ռուսաստանում գոյություն չունի մամուլի, խոսքի, կրոնի կամ հավաքների ազատություն։ Եւ սա՝ քանի որ արգելված է տնտեսական ազատությունը, իսկ որտեղ սուբյեկտիվ արժեքային դատողությունները հարգված չեն, չի կարող լինել նաեւ որեւիցե տնտեսական ազատություն։
Անչափ կարեւոր է մտապահել հետեւյալը. գործադրված ջանքերի կամ արտադրական ծախսերի ծավալը չի որոշում փոխանակային արժեքը։ Այն որոշվում է անձնական օգտակարության անհատական գնահատմամբ միայն։ Իսկ շուկայական գինը կամ արժեքը տատանվում են այդ գնահատականների միջակայքում։
Անհատական ազատության, ուստիեւ՝ սուբյեկտիվ արժեքային դատողության պահպանության գործում շահագրգիռ բոլորս պիտի քաջ գիտակցենք, որ օբյեկտիվ տեսությունը մեր բարօրության կատարյալ հակաթեզն է, հետեւաբար պետք է կարողանալ ճանաչել դրա բազմազան գործելաոճերը՝ անկախ նրանից, թե որքան խելամտորեն են քողարկված։
Իրականում, սակայն, մեզ պարզապես հարկավոր է ուշադիր լինել ոչ հոժարակամ փոխանակումների նկատմամբ, եւ տարբերել դրանք հոժարակամ փոխանակումներից։ Ոչ հոժարակամ բոլոր փոխանակումները հիմնված են օբյեկտիվ, այլ ոչ՝ սուբյեկտիվ արժեքային դատողության վրա։
Դուք հոժար կամոք կփոխանակեի՞ք ձեր եկամուտը կամ դրամագլուխը հողագործի՝ ծխախոտ չաճեցնելու, ինչ-որ մի ուրիշի քաղաքը վերաշինելու, մարդուն լուսին հասցնելու, Թենեսիի հովտի բնակիչներին լույս ու էլեկտրականություն հասցնելու, անգործության դիմաց մարդկանց վճարելու եւ այլնի համար։ Եթե ձեր պատասխանը բացասական է, կարող եք այս կետից ի վեր սկսել ծանոթանալ օբյեկտիվ տեսության քաղաքական կիրառություններին։ Օրինակները հազարավոր են։
Չափազանց քիչ կլինի ասել, թե ազատությունը հիմնված է սուբյեկտիվ տեսության գործադրման վրա։ Սուբյեկտիվ արժեքային դատողություններն են հենց, եթե հարգված են, ինքնին ազատությունը։
Թարգմանիչ` Վազգեն Ղազարյան