Մենք բոլորս հավասար իրավունքներով ենք ծնվում, սակայն, ոչ միանման հնարավորություններով: Ոմանք ծնվում են հարուստ ընտանիքներում, ոմանք` ծայրահեղ աղքատ ընտանիքներում: Ոմանք մեծանում են քաղաքական անկայունության և պատերազմական իրավիճակում գտնվող պայմաններում, մյուսներն իրենց ամբողջ կյանքում շահում են սոցիալական կայունությունից:
Պայմանները և սոցիալական միջավայրը, որոնք մեզ տրվում են մեր ծնվելուց հետո, նույնքան պատահական են, որքան շահումների խաղարկությունը, սակայն դրանք որոշում են մեր ապրելակերպի ելակետային դիրքը՝ ազդելով ոչ միայն մեզ հասանելի հնարավորությունների վրա, այլև սոցիալական և էմոցիոնալ կապիտալի վրա, որն անհրաժեշտ է ճանապարհ հարթելու համար: «Ուղղությունը, որում սկսվում է մարդու կրթությունը, կորոշի նրա ապագա կյանքը», ասել է Սոկրատեսը Պլատոնի «Պետության» Ադեիմանտուսում: Անշուշտ, կրթությունը կյանքի ընթացքում անհատի առաջընթացի անկյունաքարն է:
Բացի արդարացի բարոյական և էթիկական հիմքերից, որով ձևավորվում է արդարության նկատմամբ պահանջարկը, գոյություն ունեն նաև ներառական հասարակության տնտեսական և սոցիալական օգուտներ: Բարձրագույն կրթություն ստանալը հանգեցնում է ավելի բարձր հմտությունների ձեռքբերման, որն էլ հանգեցնում է բարձր եկամուտ ստանալու հավանականության մեծացման: Կրթության որակը կարող է լինել երկրի տնտեսական բարգավաճման ուժեղ հիմք: «Տուր մարդուն ձուկ և նա կուտի այն մեկ օրում: Սովորեցրու մարդուն ձուկ բռնել, և նա կսնվի ամբողջ կյանքում», ասել է հնագույն չինական փիլիսոփա և գրող, դաոցիզմի հիմնադիր Լաոզին (Լաո-Ցզի): Կրթության ոլորտում պետությունն է, որ պետք է ստեղծի այդ հնարավորությունը և հավասարությունը:
21-րդ դարում կրթությունը, հմտությունները և գիտելիքների ձեռքբերումը դարձել են մարդու և ազգի արտադրողականության որոշիչ գործոններից: 21-րդ դարը նույնիսկ կարելի է անվանել «Մարդկային կապիտալի դարաշրջան», քանի որ երկրների կյանքի որակը որոշող հիմնական գործոնը հանդիսանում է այն՝ ինչքանով են այդ երկրները հաջողում գիտելիքի և հմտությունների զարգացման ու օգտագործման մեջ: Եվ այս դարաշրջանում բարգավաճման համար հիմնական ռազմավարական ռեսուրսը գիտելիքն է: Բոլոր խնդիրների լուծումը, որին բախվում է կառավարությունը` առողջություն, ներդրումային միջավայր, էներգետիկա, քաղաքների զարգացում և այլն, կախված է նոր գիտելիքի ստեղծումից և օգտագործումից:
Երկրները, որոնք ունեն տնտեսական զարգացածության և բնակչության կենսամակարդակի բարձր մակարդակ, աչքի են ընկնում իրենց արդյունավետ և կայացած կրթական համակարգով, ինչպես նաև կրթության ոլորտում պետության թիրախավորված քաղաքականությամբ: Երկրների մեծամասնությունը պետական միջամտության միջոցով փորձում է բարձրացնել կրթության մեջ ներգրավված անձանց թիվը: Օրինակ, ՌԴ-ում գրանցված աշխատող ծնողները, ովքեր վճարել են իրենց երեխաների ուսման համար, կարող են իրենց վճարած եկամտային հարկից հետ ստանալ ուսման վարձի մինչև 13%-ը (ուսանողները, ովքեր վճարում են իրենց սեփական ուսման համար, նույնպես օգտվում են այս արտոնությունից որոշ սահմանափակումներով): ԱՄՆ-ում գոյություն ունեն պետական և մասնավոր դրամաշնորհներ, հարկային արտոնություններ, նվազեցումներ և խնայողական պլաններ, որոնք կարող են օգնել հարկատուներին հոգալու բարձրագույն կրթության ծախսերը:
Բացի այդ, բոլոր զարգացած երկրներում հատուկ տեղ է հատկացված ուսուցիչներին և դասախոսներին: Ուսուցիչը աշխատում է ամենապատասխանատու խնդրի վրա․ նա ձևավորում է մարդուն, «նախագծում է» մարդկային հոգին և միտքը: Ուսուցչի նկատմամբ պետության վերաբերմունքը պետական քաղաքականություն է, որը վկայում է կամ պետության ուժի կամ նրա թուլության մասին:
Ճապոնիան տնտեսական բարձր ցուցանիշներով երկիր է և աշխարհի լավագույն կրթական համակարգն ունեցող երկրների տասնյակում է: 2015թ. միջազգային ուսանողների գնահատման ծրագրով (PISA) 15 տարեկան Ճապոնիայի ուսանողներն առաջին տեղն են զբաղեցրել գիտության, մաթեմատիկայի և ընթերցանության մեջ: 2012թ. մեծահասակների հմտությունների դիտարկման համատեքստում Ճապոնիայում մեծահասակներն ունեին գրագիտության և հաշվարկային հմտությունների ամենաբարձր մակարդակը: Եվ երբ Ճապոնիայի վարչապետին հարցրեցին՝ ինչպես են տեխնոլոգիայի և գիտության մեջ հասել առաջավոր դիրքի, նա պատասխանել է. «Ուսուցչին տվել ենք կայսեր չափ պաշտամունք, պատգամավորի չափ աշխատավարձ, նախարարի չափ լիազորություն»:
Սինգապուրում ևս ուսուցչի և դասախոսի մասնագիտությունն ամենահարգվածներից և ամենահայտնիներից է: Սինգապուրը մշակել է մոդել, որում ուսուցիչն ընկալվում է որպես «թանկարժեք քար»:
2018թ. առաջին դասարան ընդունված երեխաները երիտասարդ են լինելու 2030թ․-ին և հանդիպելու են խնդիրների, որոնք դժվար է կանխատեսել այս պահին: Դպրոցները պետք է երեխաներին պատրաստեն աշխատատեղերին, որոնք դեռևս գոյություն չունեն, տեխնոլոգիաներին, որոնք դեռևս ստեղծված չեն, և խնդիրներին, որոնք դեռևս կանխատեսված չեն:
ՀՀ-ում կրթության դերի, մակարդակի, որակի բարձրացումը և ներառական հասարակություն ունենալը պետք է դառնա պետական քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը:
Կրթության նկատմամբ հանրության վերաբերմունքը պետք է փոխվի պետության կողմից նպատակադրված քաղաքականության միջոցով և կրթության նկատմամբ վերաբերմունքը պետք է դառնա ազգի մշակութային տարրը: