Հին ժամանակներից սկսած առևտուրն (փոխանակումը) ունի կասկածելի հեղինակություն։ Գուցե դա արմատացած կարծրատիպ է, որ սովորական փոխանակման արդյունքում արժեք չի ստեղծվում։ Գյուղատնտեսությունը և արդյունաբերությունը համարվում են արտադրողական, քանի որ ստեղծում են նոր, լրացուցիչ արժեքներ։ Իսկ փոխանակումն ընդամենը փոխում է մեկ բանը մյուսով։
Իրականում փոխանակումը նույնպես արտադրողական է։
Կողմերը համագործակցում են միմյանց հետ՝ նպատակ ունենալով մեծացնել իրենց համար օգտակարություն ունեցող հարստությունը։ Յուրաքանչյուրի համար խթան է ստանալ ավելին։ Այսինքն՝ կամավոր փոխանակման արդյունքում կողմերը ցանկանում են շահել՝ տալով իրենց համար ինչ-որ նվազ արժեքավոր բան, փոխարենը ստանալով ավելի արժեքավոր բան։ Օրինակ, եթե Հայկը փոխանակում է իր տիկնիկը Գայանեի խաղալիք ատրճանակի հետ, ապա Հայկն ավելի շատ արժևորում է խաղալիք ատրճանակը, քան տիկնիկը, իսկ Գայանեն՝ հակառակը։ Մենք տեսնում ենք, որ նրանցից յուրաքանչյուրը տալիս է որոշակի ապրանք՝ իրենց համար ավելի արժեքավոր ապրանք ստանալու համար։ Երկու կողմերի համար էլ փոխանակումը հավասարազոր չէ, քանի որ նրանք տարբեր կերպով են գնահատում իրենց ապրանքները, հակառակ դեպքում փոխանակումը տեղի չէր ունենա։ Հենց դա էլ հանդիսանում է փոխանակման արտադրողականության աղբյուրը։ Այժմ և՛ Հայկը, և՛ Գայանեն ունեն ավելի մեծ հարստություն, քան նախկինում։ Փոխանակումը դարձավ արդյունավետ, քանի որ այն ավելացրեց երկու կողմերի հարստությունը։
Յուրաքանչյուր արտադրական գործունեության դեպքում կատարվում են որոշակի ծախսեր, որոնք փոխակերպվում են ապրանքի։ Օրինակ, գործարանները ծախսում են հումք՝ փոխարենն ստանալով պատրաստի արտադրանք։ Փոխանակումը նույնպես արտադրողական է, քանի որ կատարվում են որոշակի ծախսեր և ստացվում են որոշակի արժեքներ։ Մեր բերած օրինակում Հայկի համար տիկնիկը ծախս է, իսկ խաղալիք ատրճանակը՝ արժեք։
Մարդիկ կարծում են, որ փոխանակումը զրոյական ելքով խաղ է։ Այսինքն՝ եթե մի կողմը շահում է, ապա մյուսը կորցնում է։ Իրականում երկու կողմերին էլ այն ձեռնտու է։
Փոխանակման արդյունավետությունն առավել մանրամասն ներկայացված է օրինակ 1-ում։
Սակայն փոխանակման դերը այսքանով չի սահմանափակվում։ Այն ունի շատ ավելի մեծ կարևորություն
(օրինակ 2 և 3) և նպաստում է աշխատանքի բաժանմանը։
Աշխատանքի բաժանումը համարվում է տնտեսական հիմնական հասկացություններից մեկը։ Այն արտահայտվում է որոշ արտադրություններում առանձին երկրների մասնագիտացմամբ և դրանց հետագա փոխանակմամբ։ Այսինքն՝ աշխատանքի միջազգային բաժանումը բերում է երկրների ճյուղային մասնագիտացման, ինչն ավելի շատ բնորոշում է երկրի «դեմքը»։ Օրինակ, Ճապոնիան ավտոմեքենաների և նավերի աշխարհի խոշորագույն արտահանողն է, Կանադան` ցորենազգիների, Ալժիրը և Սաուդյան Արաբիան` նավթի և նավթամթերքների, իսկ Ուգանդան՝ սուրճի։
Աշխատանքի բաժանումն անխուսափելի է, քանի որ երկրների և տարածաշրջանների միջև միշտ առկա են աշխարհագրական դիրքի, բնակլիմայական պայմանների, սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակի, տնտեսական կառուցվածքի և այլ տարբերություններ։ Դա իր հերթին բերում է նրան, որ առանձին տնտեսություններ սկսում են մասնագիտանալ որևէ տեսակի արտադրություններում, իսկ հետո, ազատ առևտրի քաղաքականության շնորհիվ, փոխանակվում են դրանցով։
Ազատ առևտրի քաղաքականությունը նպաստում է երկրի ոչ միայն հարստությանը, այլ նաև նրա արդյունաբերության զարգացմանը և տնտեսական աճին։
Նախ` ազատ առևտուրը թույլ է տալիս բարելավել առևտրին մասնակից ազգերի բարեկեցությունը։ Բարեկեցության աճը տեղի է ունենում միջազգային առևտրից ստացած շահույթի հաշվին։
Երկրորդ` առևտրի գործընթացում արտաքին մրցակցությունը ստիպում է տեղական արտադրողներին կատարելագործել իրենց աշխատանքի մեթոդները, ինչի արդյունքում բարձրանում է թողարկվող արտադրանքի որակը։
Երրորդ` ազատ առևտուրը շուկաների ընդլայնման (հետևաբար` արտադրության միջազգային կենտրոնացման և ապրանքների զանգվածային թողարկման) հնարավորություններ է ընձեռում, ինչը միշտ ձեռնտու է սպառողներին։
Ի վերջո ազատ առևտուրը թույլ է տալիս երկրին ավելի արդյունավետ օգտագործել իր ռեսուրսները։ Զարգացած երկրների փորձը ևս ապացուցում է, որ այն բնակչության կենսամակարդակի բարձրացման և բարձր տնտեսական աճի անբաժան պայման է։