Նոբելյան մրցանակակիր Միլթոն Ֆրիդմանն ամերիկացի ականավոր տնտեսագետ է, տնտեսագիտական ուղղություններից մեկի՝ մոնետարիզմի հիմնադիրը:
(Թարգմանությունը The Collected Works of Milton Friedman կայքից)
ԱՄՆ Կոնգրեսը հենց նոր միջոցներ ձեռնարկեց գործազրկության բարձրացման համար: Դա արվեց նվազագույն աշխատավարձի օրինական մակարդակը մեկ ժամի համար $1.25-ից $1.60 դարձնելով: Արդյունքը կլինի և պետք է լինի գործազրկության մակարդակի բարձրացումը: Կմեծացնի արդյո՞ք վաճառողն իր վաճառքի ծավալները` բարձրացնելով գները: Իրավիճակը չի տարբերվում մնացած գործատուների համար: Կոնգրեսի կողմից սահմանված ավելի բարձր աշխատավարձի մակարդակը ցածր վարձատրվող աշխատողների համար կմեծացնի այն ապրանքների գները, որոնք այդ աշխատողներն արտադրում են և պետք է խանգարի վաճառքին: Այն կդրդի գործատուներին փոխարինել այդպիսի աշխատողներին ուրիշ աշխատողներով, կամ այդ նույն աշխատանքի կատարման համար, կամ այդ նույն աշխատանքը կատարելու նպատակով սարքավորում արտադրելու համար: Աշխատողներն, ովքեր արդեն ստանում են սահմանված նվազագույն աշխատավարձից բարձր աշխատավարձ, կշահեն, քանի որ կհանդիպեն ավելի քիչ մրցակցության ոչ որակավորված աշխատողների կողմից: Ահա, թե ինչու շատ արհմիություններ ավելի բարձր նվազագույն աշխատավարձի կողմնակիցներ են: Որոշ աշխատողներ և գործատուներ այնտեղ, որտեղ աշխատավարձն արդեն բարձր է, կշահեն, քանի որ կհանդիպեն ավելի քիչ մրցակցության այն բիզնեսմենների կողմից, ովքեր իրենց կապիտալը ներդրել են ոլորտներում, որտեղ կան շատ չորակավորված աշխատողներ: Ահա, թե ինչու Հյուսիսային մանուֆակտուրաները և արհմիությունները, մասնավորապես, նոր Անգլիայում, ավելի բարձր նվազագույն աշխատավարձի համար քաղաքական ճնշումների հիմնական աղբյուրն են:
Ամենաշատը կտուժեն ցածր վարձատրվող և չորակավորված անձանց խմբերը: Անձինք, ովքեր կշարունակեն մնալ զբաղված, կստանան ավելի բարձր աշխատավարձ, բայց ավելի քիչ զբաղված կլինեն: Պրոֆեսոր Ջեյմս Տոբինը, ով Քենեդիի Տնտեսական խորհրդատվության խորհրդի անդամ է, վերջերս գրել է.
«Մարդկանց, ովքեր արժանապատիվ ապրելու համար եկամուտ վաստակելու հնարավորություն չունեն, պետք է օգնել, սակայն նրանց չեն օգնի նվազագույն աշխատավարձի մասին օրենքը կամ այլ մեխանիզմներ, որոնք ճնշում են գործատուներին` ստիպելով վճարել նրանց ավելի շատ, քան արժե նրանց աշխատանքը: Այդպիսի կարգավորումների հավանական արդյունքն այն է, որ նախատեսված շահառուներն ընդհանրապես չեն աշխատի»:
Չորակավորված աշխատողների կորուստը չի փոխհատուցվի ուրիշների շահով: Ընդհանուր քիչ զբաղվածությունը կհանգեցնի ընդհանուր արտադրության ավելի քիչ ծավալի: Հետևաբար, հանրությունը, ընդհանուր առմամբ, կունենա ավելի վատ վիճակ:
Լավ մտադրություններով շատ մարդիկ նախընտրում են նվազագույն աշխատավարձի օրինական կարգավորումը՝ թյուրիմացաբար հավատալով, որ նրանք օգնում են աղքատներին: Այս մարդիկ աշխատավարձի մակարդակը շփոթեցնում են աշխատավարձի եկամտի հետ: Ինձ համար միշտ հանելուկ էր հասկանալ՝ ինչու ավելի լավ է, որ չափահասները լինեն գործազուրկ մեկ ժամը $ 1.60 աշխատավարձի պարագայում, քան զբաղված` մեկ ժամը $1.25 աշխատավարձով: Բացի այդ, շատ աշխատողներ ցածր աշխատավարձի պայմաններում լրացուցիչ աշխատակիցներ են, այսինքն՝ երիտասարդները, ովքեր նոր են սկսել աշխատել, կամ տարեցները, ովքեր լրացնում են ընտանիքի եկամտի հիմնական աղբյուրը: Ես կողմ եմ կառավարության այն քայլերին, որոնք ուղղված են ընտանիքի նվազագույն եկամուտը սահմանելուն: Սակայն, նվազագույն աշխատավարձի օրինական սահմանները միայն բարդացնում են այդ խնդիրը:
Նվազագույն աշխատավարձի մակարդակի բարձրացումը մակերեսային մտածողության ուժի հուշարձանն է:
Թարգմանությունը` Սրբուհի Իսրայելյանի