Այսօր Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Արտակ Մանուկյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հեղինակը նշել է, որ գործող Հարկային օրենսգրքով ընկերություններում գրանցված աշխատողների թվաքանակը համարվում է հարկային գաղտնիք, եւ որպեսզի մեծացվեն հարկատուների հաշվետվողականությունն ու նրանց գործունեության թափանցիկությունը, առաջարկվել է հարկային գաղտնիք չհամարել ընկերությունների աշխատակիցների թիվն ու նրանց վճարած հարկերը:
Հեղինակը նաեւ առաջարկում է ընդլայնել ՀԴՄ-ներ չկիրառող կազմակերպությունների շարքը՝ դրանում ներառելով այն ուսումնական հաստատությունները, որոնք սննդով են ապահովում աշակերտներին եւ աշխատակիցներին:
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արտյոմ Ծառուկյանը:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը տեղեկացրել է, որ Կառավարությունը որոշ վերապահումներ է ունեցել նախագծի առնչությամբ, որոնց մի մասն արդեն փոխվել է, մյուսը մասը հեղինակի հետ լրամշակելու փոխհամաձայնություն է ձեռք բերվել: