ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 21-ին հրավիրած նիստում քննության է առել կենսաթոշակների եւ նպաստների նշանակմանն առնչվող օրենսդրական նախաձեռնություններ:
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով վերաշարադրվում են գործող օրենքի մի շարք դրույթներ: Ըստ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանի՝ նպատակն իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծումն է: Փոխնախարարը տեղեկացրել է, որ նախագիծը մշակվել է քաղաքացիների բողոքների եւ առաջարկությունների հիման վրա:
Դրույթներից մեկով սահմանվում է, որ 2016 թվականի հունվարի 1-ից ՀՀ զինված ուժերի զինծառայողների՝ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության ժամանակահատվածը զինվորական ծառայության ստաժում հաշվարկվում է կրկնակի չափով:
«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով փորձ է արվում լուծել ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման եւ ժամկետներին առնչվող խնդիրներ:
Սմբատ Սաիյանի հավաստմամբ՝ ծերության նպաստը նշանակվում է դրա իրավունք տվող տարիքը (65 տարեկանը) լրանալու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում:
Հաշմանդամության նպաստը նշանակվում է հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում:
Կերակրողին կորցնելու դեպքում նպաստը նշանակվում է կերակրողի մահվան օրվանից, եթե դիմումը ներկայացվել է կերակրողի մահվան օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում:
Նշված ժամկետներից հետո դիմելու դեպքում նպաստը նշանակվում է դիմելու օրվանից:
Ըստ Սմբատ Սաիյանի՝ առաջարկվում է մաքսային եւ հարկային ծառայությունների քննիչների կենսաթոշակ ստանալու իրավունքը նույնականացնել հատուկ քննչական ծառայության քննիչների կենսաթոշակ ստանալու իրավական կարգավորումների հետ:
Քննարկված երեք նախագծերը դրական եզրակացությամբ կընդգրկվեն առաջիկա արտահերթ նստաշրջանի օրակարգում: